Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը՝ բողոքում են «Հյուսիս հարավից»
Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Արագածոտն գյուղի հատվածը՝ այսպիսով նաեւ կանգնեցնելով այդ հատվածում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։
Նրանք բողոքում են այն բանի դեմ, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագծում իրենց գյուղերի հատվածում մեքենաների անցումներ չեն նախատեսված: Փաստորեն գյուղացիները հնարավորություն չունեն շրջանցել մայրուղին եւ ստիպված են մի քանի կմ բարձրանալ կամ իջնել, որ կարողանան մուտք գործել գյուղ:
«Մեր գյուղի մոտ մոստ չի կառուցվում, շրջադարձ չկա, պետք է հասնենք Կոշի հատված, նոր հետ դառնանք, գանք։ Հիմա իմ ժողովրդի պահանջն էն է՝ մի անցում տան` Երեւանից եկող մեքենան մտնի ու դուրս գա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Արագածոտն համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը՝ նշելով, որ մարզպետի հետ են նաեւ այս թեմայի շուրջ զրուցել։
Նրա խոսքով, մարզպետն առաջարկել է երկուշաբթի հանդիպում կազմակերպել գյուղացիների եւ պատկան մարմինների ներկայացուցիչների հետ. «Մարզպետն ասաց թող ժողովուրդը հանդարտվի, ամեն համայնքից չորս ակտիվիստ թող հավաքվեն գյուղապետերի հետ, ԾԻԳ-ի գրասենյակից, տրանսպորտի նախարարությունից, վարչապետի աշխատակազմից հավաքվեն մարզպետարանում՝ գան քննարկելու այդ հարցը։ Բնակիչները չհամաձայնեցին, ասում են` թող իրենք այստեղ գան հանդիպման»:
Արագածոտն գյուղի մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ եթե անցում չկառուցեն, իրենք 9-10 կմ պետք է ավել կտրեն, որ կարողանան գյուղ հասնել. «Պետք է գնաս հասնես Ուջան, էնտեղից հասնես Կոշ, որ նոր կարողանաս քո երեխային ճանապարհից վերցնես բերես տուն»: