ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը և Նիկոլ Փաշինյանը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Գ. Կոստանյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ։ Այս մասին սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ-ում ԱԱԺ և ՀՔԾ ղեկավարների ապօրինի գաղտնալսման հետաքննության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Անդրադառնալով հանձնաժողովի ամբողջական կազմի մասին հարցին՝ Կոստանյանը հայտնեց. «Սկզբնապես մենք կազմեցինք հարցումների ցուցակը, բովանդակությունը և հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա կազմելու ենք հրավիրման ենթակա բոլոր անձանց նախնական ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում առաջանալու է այլ պաշտոնատար անձանց հրավիրելու անհրաժեշտություն։
Խոսքը հատկապես հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովման և դրանց համար պատասխանատու սուբյեկտների ներգրավման մասին է, որովհետև մեզ համար առաջնահերթ է սահմանադրական և ազգային անվտանգությունը»։
Նա հավելեց, որ քննարկման առարկա կդառնան նաև նախկինում տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները։
Հարցին՝ արդյոք հրավիրվելու են նաև ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դատավորը, որի մասին խոսվում էր գաղտնալսված հեռախոսազրույցում, Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց. «Տրամաբանական է, որ նշյալ անձինք ինչ–որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»։
Ճշտող հարցին, թե նաև վարչապետը կհրավիրվի՞, նա արձագանքեց. «Ցանկացած սուբյեկտ, կապ չունի՝ ում մասին է խոսքը»։