Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ
«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Որոշումն անցավ միաձայն: Հատկանշական է, որ ինքը` Սիմոնյանը, Հայաստանում չէ և ներկա չէր նիստին: Սիմոնյանը մասնագիտությամբ իրավաբան է, ինչն էլ հենց ընտրության ժամանակ հաշվի առավ հանձնաժողովը:
Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց հնարավորություն ստեղծել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ցանկացած նիստի, ցանկացած պահի կարողանա մասնակցել: Բացի այդ, հաշվի առնելով, որ հրավիրելու են լուրջ պաշտոնատար անձանց, ովքեր ունեն գաղտնի տեղեկատվություն, պետական, ծառայողական նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ են քննարկվելու, պետք է նիստերը լինեն դռնփակ, իսկ գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու և գաղտնիքը հրապարակելու դեպքում պատասխանատվություն սահմանելու հարցը լուծվի: