Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. պարզաբանում է ԱԳՆ-ն
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու խնդրին արդեն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱԳՆ-ում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նախ տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր:
Միևնույն ժամանակ Տիգրան Բալայանն անձամբ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հստակ պատասխան չտվեց, նշելով, որ դա օրենքով պաշտպանված անձնական տվյալ է:
«Բայց ընդհանրապես, ինչ վերաբերում է դիվանագիտական անձնագրերի այս կամ այն անձին տրվելու, չեղակրելու կամ հետ վերադարձնելու հարցին, ապա կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել:Չեմ կարող անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ են եղել դիվանագիտական անձնագրեր, քանի որ դա կարծեմ, պաշտպանված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով»,- ասաց Տիգրան Բալայանը:
Նա նաև հայտնեց, որ բացի 254 չեղարկված դիվանագիտական անձնագրերից, 100-ից ավելի անձնագրեր հետ են վերադարձվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳՆ-ն սկսել է նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերանայման գործընթաց։ ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետքէ հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։