Ոստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք (տեսանյութ)
Ոստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք, հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
2010 թվականի ապրիլի 11-ին երկու տղամարդ մտել էին 1953 թվականին ծնված մի կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա ոտքերը, սպառնացել ու բռնություն գործադրել՝ հափշտակելով փող ու ոսկեղեն: Տուժողին պատճառվել էր 2 800 000 դրամի վնաս, հարուցվել էր քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով: Արարատի մարզի վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքից 8 տարի անց պարզվել է ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանցից մեկի ինքնությունը: Ոստիկանները ստացված տվյալներն իրացնելով Արմեն Սարգսյանին հայտնաբերել ու ներկայացրել են դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնին:
Սեպտեմբերի 21-ին դատարանի որոշմամբ Երևանի բնակիչ, 39-ամյա Արմեն Սարգսյանը կալանավորվել ու տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակցի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: