Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի նախագահի տեղակալի հետ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին, Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-շվեյցարական միջպետական հարաբերություններին՝ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դրանք զարգացման առավել ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում: Այս համատեքստում ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը նաև միջխորհրդարանական մակարդակում, կարևորել պատգամավորական բարեկամության խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առևտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր, տասնյակից ավելի իրավական փաստաթղթեր ընդգրկող իրավապայմանագրային դաշտ:
Խոսելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական և եվրասիական շուկաների միջև և գրավիչ լինել եվրասիական ընդարձակ շուկա առանց մաքսատուրքի մուտք ունենալու հնարավորությամբ հետաքրքրված շվեյցարացի ներդրողների համար:
Որպես Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ջատագով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս ջանքեր կգործադրվեն երկկողմ համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված: