Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել մշակութային գործիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ճանաչված մշակութային գործիչներ Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, Լևոն Մալխասյանին և Աշոտ Առաքելյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բազմակողմանի և խորը պատկերացում կազմել մշակույթի ոլորտում տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
Բակո Սահակյանը կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին հանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, իսկ արվեստագետ Աշոտ Առաքելյանին՝ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման վկայական՝ բարձր գնահատելով նրանց ներդրումն Արցախում մշակույթի զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: