Վարչապետի խորհրդականը «Հայաստան» համահայկական հիմնադրամում իր պարտականությունների կստանձնի հոկտեմբերի 1-ից
Հայկակ Արշամյանը Facebook - ի իր էջում շնորհակալության է հայտնել «ջերմ ու պարտավորեցնող խոսքերի համար»:
«Ցանկանում եմ շեշտել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն ուղղակի չեմ նշանակվել, այլ մասնակցել եմ բաց մրցույթին ու ճանաչվել հաղթող մրցութային հանձնաժողովի կողմից, այնուհետև թեկնածությունս քվեարկության է դրվել նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որից հետո միայն ընդունվել է վերջնական որոշումը:
Պաշտոնը կստանձնեմ հոկտեմբերի 1-ից: Առաջնահերթությունը Հիմնադրամի շուրջ վստահության մթնոլորտի ամրապնդումն ու բարձրացումն է լինելու՝ որպես իրական, արդյունավետ, վստահելի, արագ արձագանքող, թափանցիկ և առաջ նայող համահայկական կառույցի, որի առանցքային գաղափարը Սփյուռքի և Հայրենիքի միջև բարեգործությունից դեպի մասնակցայնության ու սեփականության զգացումի սահուն անցումն է»,- գրել է Արշամյանը:
Հայկակ Արշամյանը որպես ծրագրերի համակարգող է աշխատել Երևանի մամուլի ակումբում, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում։ Նա աշխատել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում:
Ավելի վաղ Operativ.am - ը հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում է նշանակվել վարչապետի խորհրդական՝ Հայկակ Արշամյանը: