Ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր. դատախազություն
Դատախազության հանձնարարությամբ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր:
Այս առնչությամբ, դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձեւավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել է 23.09.2018թ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73 հրապարակում, Երեւան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու եւ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք: Դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական եւ ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել եւ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել կամ ստուգվում են 194-ը, որի արդյունքում առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների փաստերը ճնշող մեծամասնության դեպքում արդեն իսկ հերքվել են:
Նկատի ունենալով, որ 42 ընտրախախտումների վերաբերյալ տվյալներն առերեւույթ համապատասխանել են ընտրական հանցագործությունների հատկանիշներ՝ հանձնարարվել է դրանց կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:
Նյութերից 21-ը նախապատրաստվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 8-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու, 7-ը ընտրողներին կաշառք տալու, 5-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերի առթիվ:
ՀՀ դատախազության աշխատանքային խումը շարունակում է առերեւույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումների մոնիտորինգը եւ միջոցներ ձեռնարկում առերեւույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալների ստուգման, դրանց առթիվ նյութերի նախապատրաստման եւ հարուցված քրեական գործերի քննության լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ: Վերջիններիս ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն: