Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ. Վարչապետ
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը: Այս մասին ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանը ասել է Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը մասնավորապես ասել է. «Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որևէ բիզնես և աշխատել:
Այսօր Հայաստանի ընկալումը հետևյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևյալն է. հարստացեք և հարստացրեք:
Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաև «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարևոր կենտրոններից մեկը:
Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ, որոնք կփոխեն պետության և հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ»,- ասել է կառավարության ղեկավարը: