ԱԱԾ-ն չպետք է խառնվի ընտրական գործընթացներին. Արթուր Վանեցյան
Ինչպես արդեն նշել ենք, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն սեպտեմբերի 23-ին, քվեարկեց թիվ 4/35 ընտրական տեղամասում:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ առաջին անգամ լինելու է ժողովրդի կամքը և ժողովրդի տված քվեով է ընտրվելու քաղաքապետը:
«Եվ ոչ ոք չի կասկածելու այս ընտրությունների արդյունքի վրա»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ում նախօրեին տեղի ունեցած միջադեպին ու քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ԱԱԾ-ն կարող է բացահայտել կեղծ ահազանգողներին, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին, եթե ստանանք որևէ ահազանգ, որը հիմք կտա կատարել համապատասխան միջոցառումներ և մարդկանց ենթարկել պատասխանատվության, մենք դա կանենք՝ առանց որևէ մեկ րոպե հապաղելու, կապ չունի, թե որ քաղաքական ուժի կողմնակիցներն են: Ես առհասարակ կարծում եմ, որ ԱԱԾ-ն չպետք է խառնվի ընտրական գործընթացներին»: