Նաիրա Զոհրաբյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակում սեպտեմբերի 22-ին արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Բացի այդ՝ Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված ընտրացուցակների հետ և մեկ ահազանգ՝ կապված Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ:
Վերջին ահազանգը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նրա հաղորդման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ոստիկանության բաժին: