Ամուսնուս ճանաչում եմ 14 տարեկանից. Նախագահի տիկինը՝ Արմեն Սարգսյանի հետ ծանոթության մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպման, Մեծ Եղեռնի և դրա հետևանքով առաջացած Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: Առաջին տիկինը պատմել է նաև իր և ամուսնու ծանոթության, ամուսնության և համատեղ կյանքի մասին:
«Ամուսնուս ճանաչում եմ 14 տարեկանից: Մենք դպրոցական ընկերներ էինք: Առաջին անգամ հանդիպել ենք, երբ ես 13 տարեկան էի, ինքը՝ 14: Փաստորեն այս տարի մեր համատեղ կյանքի 40-ամյակն է: Նա դպրոցում գերազազանց էր սովորում, իսկ ես մտածում էի՝ ո՞վ է այս տղան, բոլորը սիրում են նրան, ես ընկերություն չեմ անի իր հետ: Ստացվեց այնպես, որ մենք ընկերացանք, ընդունվեցինք Երևանի պետական համալսարան՝ ինքը՝ ֆիզիկայի ֆակուլտետ, ես՝ բանասիրության: Մենք ամուսնացանք, ու Փառք Աստծո, մինչև հիմա միասին ենք: Նա շատ ուժեղ և խելացի տղամարդ է:
1991 թվականին նշանակվեց Բրիտանիայում Հայաստանի դեսպան, հետո արդեն Վատիկանում, Բենիլյուքսում: Փաստորեն անկախ Հայաստանի առաջին դիվանագետներից մեկն է: Նա շատ լավ ամուսին է, հայր և պապիկ, թոռնիկները նրան պարզապես պաշտում են»,- պատմել է Նունե Սարգսյանը:
Նաև ասել է, որ ընտանիքում փոքրիկների հետ խոսում են միայն հայերեն, որպեսի նրանք սովորեն մայրենի լեզուն: Հայերեն է փորձում սովորել նաև հարսը, որը ամերիկուհի է՝ Թեննեսի նահանգից: Ընտանկան ավանդույթներից նախագահի տիկինը պատմել է Զատկի տոնի մասին, նկարագրել, թե ինչպես են ձու ներկում: Իր մասին Նունե Սարգսյանն ասել է, որ մի քանի գրքի հեղինակ է, նաև նկարչուհի է, Լոնդոնում ցուցահանդես է բացվել, շուտով կբացվի նաև Հայաստանում, զբաղվում է պիլատեսով, սիրում պինգ-պոնգն ու թենիսը: