ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը եղել է և կլինի առավել արդյունավետը. Մնացականյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը եղել է և կլինի առավել արդյունավետը: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ձևաչափը փոխելու ցանկացած փորձ արդյունավետ չի լինի: Մենք դեմ ենք դրան», - ընդգծել է նախարարը:
Պատասխանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնման հեռանկարների մասին հարցին` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել հարցը:
Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ խնդիրն ավելի լայն բնույթ ունի: Խոսքն այնպիսի մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության մասին է, որը նպաստում է բանակցությունների առաջխաղացմանը, առաջին հերթին հրադադարի պահպանմանը և բոլոր սպառնալիքների վերացմանը, որոնք կարող են լարվածության աճին հանգեցնել: