Վերջապես 23 տարի անց ստացվեց ունենալ քարոզարշավ. Հայկ Մարության
Վերջապես 23 տարի անց ստացվեց ունենալ քարոզարշավ, ոչ թե պայմանավորվածությունների իրականացում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երեւանի կենտրոնում քարոզարշավի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Իրական քարոզարշավ էր, որտեղ բոլոր քաղաքական ուժերը հավասար պայմաններում պայքարում էին ամեն քվեի համար: Բոլորին տրված էր հավասար պայմաններ, բոլորն ունեին հավասար հնարավորություն թե հեռուստատեսության, թե մամուլի առումով, խոսքի ազատությունը կար, ես շատ դրական եմ գնահատում»,-ասաց նա:
Մարությանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ է կազմակերպվել քաղաքապետի թեկնածուների միջեւ, որը կհեռարձակվի այսօր երեկոյան. «Սկզբից կար պայմանավորվածություն, որ բոլորը պետք է գան, բայց հետո որոշ մասնակիցներ հրաժարվեցին: Այնուամենայնիվ բանավեճը կայացել է: Ցավում եմ, իհարկե, որ մարդիկ ասում են՝ եկեք անենք, եւ պահը գալիս է, ասում են՝ վայ, գիտեք ինչ կա, չենք գալիս»:
Հիշեցնենք, որ 12 թեկնածուներից բանավեճին չեն մասնակցել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանը (նրա մայրն է մահացել) եւ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս հայտարարել է, որ նման ձեւաչափով բանավեճ կազմակերպելը նպատակահարմար չէ: Նաիրա Զոհրաբյանն իր հերթին բանավեճի է հրավիրել Հայկ Մարությանին, սակայն վերջինս արձագանքել է, որ չի ցանկանում նախապատվություն տալ թեկնածուներից մեկին եւ մեկի հետ գնալ բանավեճի: