1000 դրամների հիմնադրամը կամաց-կամաց կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա.վարչապետ
Եթե գումար եք տալիս զոհվածների ընտանիքներին, ապա բոլորին հավասար տվեք, ոչ թե մեկին 30 հազար եք տալիս, մյուսին՝ 250-300 հազար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասացին զորհված զինծառայողների հարազատները՝ նկատի ունենալով, որ 1000 դրամների հիմնադրամը գործում է միայն 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհվածներին:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ այդ օրենքն ընդունվել է, որոշվել է, որ աշխատող մարդիկ ամսական 1000 դրամ են վճարում հիմնադրամին: Ի սկզբանե նախատեսված էր, որ այդ հիմնադրամից գումարների վճարումը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա: Ես հանձնարարեցի, որ ստուգեն հիմնադրամում այս պահին ունեցած գումարները եւ տեսնել՝ հնարավո՞ր է արդյոք մեկ տարի հետ գնալ եւ 2017-ի հունվարի 1-ը դարձնել 2016 թվականի հունվարի 1: Ինձ ասացին, որ հնարավոր է դարձնել անգամ 2015 թվականի հունվարի 1: Հիմա օրենքը գործում է 2015-ի հումվարի 1-ից հետո եղած դեպքերի համար: Խնդիրը միայն նշանակելը չի, խնդիրն այն է, որ պետք է շարունակել տալ այդ գումարները: Եթե մենք ասենք բոլորին տալիս ենք, բայց չկարողանաք տալ, դա ավելի վիրավորական է:
Մենք հիմա ինչ ենք ասում, մենք ասում ենք՝ որքան այդ ֆոնդում գումար հավաքվեց, կամաց-կամաց հետ ենք գնալու՝ դեպի 2014 թվական եւ այդպես շարունակ: Երբ այդ օրենքը չէր տարածվում 2015-2016 թվականների վրա, ավելի շատ մարդիկ էին իրենց վիրավորված զգում: Մենք հիմա քայլ-քայլ գնում ենք»:
Կանանցիցն մեկը նկատեց. «Այդ հազար դրամները հավաքում են նաեւ իմ հարազատներից, ինչքա՞ն վիրավորական է, որ նրանք փող են հավաքում ուրիշի զոհերի համար: Տալիս են շատ մեծ գումարներ՝ 220 հազար դրամ, իսկ մենք 30 հազար դրամ ենք ստանում: Կլինի՞ մի փոքր ավելացնեն: Թող հավասար տան»:
Փաշինյանն էլ հակադարձեց. «Իսկ երբ որ միայն 2017-ից հետո եղած դեպքերի վրա էր տարածվում, դա ոչի՞նչ: Այն ժամանակ ոչ մեկդ չէիք ասում՝ որ վատ է, բայց ձեր բոլոր պահանջներն արդարացի են»:
Դիտարկմանը, թե կառավարությունում 3 ամիս հետո են պատասխանում նամակներին, վարչապետն արձագանքեց, որ եթե նախկինում կառավարությունն մեկ ամսում ստանում էր 500 նամակ, հիմա ստանում է 5 հազար նամակ, իսկ աշխատողների թիվը նույնն է: