Պարոն վարչապետ, մի մոռացեք անհետ կորածներին, դուք անցաք չնկատեցիք հուշարձանը
Եթե շնորհավորում եք անկախության կամ բանակի օրվա առիթով, մի մոռացեք անհետ կորածներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասացին նրան մոտեցած ծնողները:
«Հակամարտությունից հետո մոտ 1000 անհետ կորած ունենք, եւ նրանք թաղված չեն: Զոհերը գոնե գերեզման ունեն: Դուք անցաք չնկատեցիք, իսկ մեր թոռներն այնտեղ կագնած էին, ուզում էին նույնիսկ արտասանել: Գալիս խոնարհվում են, անհետ կորածների հուշարձանը բանի տեղ չեն դնում»,-ասաց կանանցից մեկ, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եկեք գնանք այդ հուշաքարի մոտ: Դա արարողակարգ է, էնտեղ, որտեղ ծաղկեպսակ դրվեց, դա բոլոր զոհերի հուշարձանն է: Եկեք հիմա բարձրանանք հուշարձանի մոտ»:
Զոհվածների ծնողներից մեկն էլ խնդրեց գոնե 10 րոպեով ընդունել իրենց եւ լսել իրենց խնդիրները. «Մենք ուզում ենք իմանալ, թե ինչ կարգավիճակում ենք: Մենք հասկանում ենք, որ ամեն բան միանգամից չի լինի, կամաց-կամաց է լինում ամեն բան: Այո, մենք 20 տարի չենք դիմել իրենց, որովհետեւ պատ է եղել, չեն թողել մոտենանք: Հիմա խնդրում եմ՝ 10 րոպե ընդունեք, մեր հարցերով դիմենք»:
Վարչապետը խոստացավ ընդունել նրանց:
Կանանցից մեկն էլ հիշեց, որ տտարիներ առաջ, երբ զոհվածների հարազատների բողոքի ցույցի ժամանակ ուժ կիրառվեց, հենց Փաշինյանն է այդ մասին գրել իր թերթում: