30 տարի առաջ նշել ենք անկախության 70-ամյակը, ինչպե՞ս ենք այսօր 27-ամյակ նշում. Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը կրկին հիշեցրեց` այսօր ոչ թե անկախության 27-ամյակը պետք է նշել, այլ ինքնորոշման:
«Եթե դու ունես այգի և այգուց ուզում ես տեղափոխվել այլ այգի, ի՞նչ կմտածես ապագայի մասին` ծա՞ռը տանել, թե՞ պտուղները, բնականաբար, ծառը, որ հաջորդ տարի էլ պտուղ ունենաս, մեր ինքնորոշումն է ծառը: Չի կարելի խաբել և կոչել «անկախության» տոն. մենք մայիսի 28 ենք ունեցել, 1988թ.` 30 տարի առաջ, Ազատության հրապարակում Մովսես Գորգիսյանի բուռն մասնակցությամբ ԱԻՄ-ը նշեց անկախության 70-ամյակը. եթե 30 տարի առաջ նշել ենք անկախության 70-ամյակը, ամբողջ ազգն է տոնել, ուրախացել, ինչպե՞ս ենք այսօր 27-ամյակը նշում»,- հարց ուղղեց նա:
Հայրիկյանը խոսեց ազգի, երկրի անկախության ևս մեկ խորհրդանիշի, այն է` խորհրդարանի մասին, ընդգծեց` երեկ մեր երկրում պետականորեն նշվեց խորհրդարանի 100-ամյակը:
«Եթե դուք պառլամենտի, այսինքն` անկախության 100-ամյակ եք նշում, ինչպե՞ս եք մեկ օր անց նշում 27-ամյակը»,- նշեց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի խոսքով` ինքնորոշումն այնպիսի ձեռքբերում է, որ կարող է սերունդներ դաստիարակել, ապա հավելեց` չի կարելի թույլ տալ, որ հարևան Վրաստանը, Ադրբեջանը իրենց անկախության 100-ամյակը նշեն, իսկ մենք մեզ արհեստականորեն տանենք, մտցնենք մանկահասակ ազգերի շարքը:
«Մենք մեր անկախությունն առաջին անգամ պաշտպանել ենք Հայկի և Բելի կռվում` 4 500 տարի առաջ: Աստված տա` մենք արժանի լինենք այս տոնին, և այդպես շարունակենք մեր հետագա հազարամյա կյանքը»,- ասաց նա:
Հայրիկյանը նաև տեղեկացրեց, որ բացարձակ ժողովրդավարության նախագիծ է ներկայացրել Կառավարություն: Նա նշեց` վարչապետը խոսում է այն մասին, որ երկիրը պետք է պատկանի ժողովրդին, բայց տեղյակ չէ` ինչպես, ինքն էլ տալիս է այդ «ինչպես»-ի պատասխանը: