Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է. Նիկոլ Փաշինյան
Ունենալ խորհրդարան՝ որպես բարձրագույն օրենսդիր մարմին, նշանակում է, որ պետական կառավարման շարժիչ ուժը ժողովրդի կամքն է, կամարտահայտությունը: Այսօր ԱԺ-ում ընթացող Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՀՀ խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը նշանակալի իրադարձություն է և շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար:
«Այս առումով մենք կարևոր և նոր ժամանակաշրջան ենք թևակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վերածվում է դե ֆակտո իշխանության»,- ասաց նա:
Վարչապետը, խոսելով խորհրդարանների դերի մասին, հայտարարեց, բոլոր խորհրդարանները բացառիկ դերակատարություն են ունեցել. «Որևէ խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է, և խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքներ, այն ընտրությունը, որ կատարում են ՀՀ քաղաքացիները: Կարևոր է, որ ՀՀ խորհրդարանները երբեք չունենան այն հարցադրումը, թե որքանով են արտահայտում ժողովրդի կամքը: Սա կարևոր է պետական համակարգը սինքրոնացնելու գործում»,- շարունակեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ելույթում խոսեց նաև ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը կարողացավ մարդկության պատմության մեջ աննախադեպ քաղաքական հեղափոխություն իրականացնել:
«Հույս հայտնեմ, որ նաև կկարողանա ԱԺ նախագահի նշած սկզբունքների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղաքական օրակարգում»,- նշեց Փաշինյանը:
Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հույս ունի, որ խորհրդարանական ավանդույթները կշարունակվեն: