Ինչպե՞ս գործել հարձակողական գործողությունների ժամանակ. զորավարժություն 5-րդ զորամիավորումում
Դասակների եւ վաշտերի հրամանատարների՝ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաեւ հակագրոհը կազմակերպելու, հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, սեպտեմբերի 17-18-ին Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասում, համաձայն պատրաստության պլանի, անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն:
ՊՆ-ից հայտնում են, որ զորամասի հրամանատարության կողմից ընտրված թեման հնարավորինս ներառել է լեռնային պայմաններում ստորաբաժանման կազմով հարձակողական գործողություններ վարելու հավանական տարբերակները, ինչպես նաեւ հաշվարկվել են հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների տարբերակները:
Ստորաբաժանումների հրամանատարները հատկապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հետախուզական խմբերի, հրետանու կրակի կառավարման, կապի կազմակերպման եւ առաջին բուժօգնության ցուցաբերման ուսումնական կետերում զինծառայողների գործողություններին:
Զորավարժության ավարտին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը բարձր է գնահատել բոլոր մասնակիցների գործողությունները եւ հորդորել մանրամասն վերլուծել զորավարժության յուրաքանչյուր փուլը: