Որոշ քաղաքական ուժեր Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում. Դիանա Գասպարյան
Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր՝ իրենց թեկնածուներով, Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում, մասնավորապես՝ ինչ-որ կանայք այցելում են մարդկանց բնակարաններ, տալիս հստակ անուն, քարոզում ընտրել այդ թեկնածուին եւ այլն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ բավական ժամանակ կա, եւ հիմա քարոզարշավ իրականացնելը խստիվ արգելվում է:
Օրենքը խախտելը, ընտրակեղծարարություն անելը, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելը, տարիներ շարունակ եղել են այդ քաղաքական ուժերի գործելաոճը, ինչը անթույլատրելի է նոր իրողությունների պայմաններում եւ խիստ դատապարտելի:
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Նման արատավոր եւ հին Հայաստանին բնորոշ երեւույթները կանխելու եւ մեղավորներին պատժելու համար անհրաժեշտ է ձեր համագործակցությունը քաղաքային իշխանությունների հետ:
Մենք հորդորում ենք ցանկացած նման երեւույթի առկայության դեպքում դիմել ուղիղ ինձ: Ահազանգած քաղաքացիների գաղտնիությունը երաշխավորվում է»:
Հիշեցնենք, որ Էջմիածնում քաղաքապետի ընտրությունները տեղիօ են ունենալու հոկտեմբերի 21-ին: