Ինչ նենգության է դիմել Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից առաջ
Թուրքական իշխանությունները Սիրիայում ակտիվորեն զինում են ռուսական կողմի թշնամիներին: Ըստ նախնական տեղեկությունների, Իդլիբ նահանգում գրոհայինների դեմ ուղղված գործողությունը կարող է վտանգվել, սիրիական ընդդիմությանը՝ պաշտոնական Ստամբուլի կողմից ռազմական օգնություն տրամադրելու պատճառով: Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի ևԹուրքիայի նախագահների` Պուտինի և Էրդողանի բանակցություններից ընդամենը 3 օր առաջ,- գրում է Mainews.am-ը:
Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարը Կրեմլի համար նախապատրաստել էր հերթական տհաճ անակնկալը: Ամերիկյան «Newsweek» ամսագրի վերջին հոդվածներից մեկում հայտարարվել էր, որ թուրքական իշխանությունները նպատակադրված են խափանել Ռուսաստանի և Իրանի պլանները, որոնց ուժերը Բաշար Ասադի կառավարական բանակի հետ միասին մտադիր են հարձակվել Իդլիբ նահանգի զինյալների վրա: Այս տարածքը համարվում է Սիրիայի զինյալների վերջին հենակետը, որի ոչնչացումը Սիրիայի տարածքը վերջնականապես կազատի ահաբեկչությունից:
Ամսագրի աղբյուրների համաձայն, օրերս Անկարան Իդլիբում ընդդիմության համար կազմակերպել է խոշոր չափի զենքի մատակարարում: Բացի այդ, տեղեկություններ կան, որ Թուրքիան Ասադի բանակի հետ պայքարող զինյալներին որոշ հրթիռներ է ուղարկել:
Թուրքիայի կառավարությունը նման միջոցներ է ձեռնարկել այն բանից հետո, երբ Ռուսաստանին և Իրանին չհաջողվեց համոզել՝ չհարձակվել Իդլիբի ընդդիմության վրա:
Հարկ է նշել, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ, բանակցությունների ընթացքում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Սիրիայի ապագայի թեման և քաղաքական գործիչների միջև առանձնապես անհամաձայնություններ չեն եղել: