Ռուսաստանում լեյտենանտ Մարտիրոսյանը փրկել է այրվող տանը գտնվող բնակչի կյանքը
ՌԴ ոստիկանության լեյտենանտ Իվան Մարտիրոսյանն իր գործընկերների հետ օգնել է Ալթայի շրջանի Կոսիխա գյուղի 56-ամյա բնակչին փրկվել տանը բռնկված հրդեհից:
Աշխատանքային հերթափոխից տուն վերադարձող ոստիկանները թաղամասի փողոցներից մեկում ծուխ են նկատել: Նրանք այդ մասին անմիջապես տեղեկացրել են հրդեհային բաժանմունքին, այնուհետև շտապել այնտեղ և սկսել հանգցնել կրակը: Իրավապահներն արթնացրել են տանը քնած կնոջը և օգնել նրան դուրս գալ փողոց՝ այդպիսով փրկելով նրա կյանքը:
Իվան Մարտիրոսյանի և գործընկերների զգոնության շնորհիվ հրշեջները ժամանել են ժամանակին և թույլ չեն տվել, որ հրդեհը տարածվի հարևան տներում: