Մարտի 1-ին մարդկանց զոհվելու համար պատասխանատու է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը․ Քոչարյան
«10 մարդկանց մահվան պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր սադրել են զանգվածային անկարգություններ։ Եվ իհարկե, քանի որ այս դեպքում կար ընդդիմություն, կար իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է»,- 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ մարդկանց մահվան պատասխանատվության վերաբերյալ այս կարծիքն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահը՝ ռուսական «Коммерсант»- ին տված հարցազրույցում։
Ռոբերտ Քոչարյանի խոսքերով՝ հետադարձ հայացքով կարելի է բազմաթիվ տարբերակներ քննարկել։ Սակայն երբ որևէ տարբերակ է դիտարկում, որով պետք է հնարավոր լիներ խուսափել զոհերից, ինքը՝ Քոչարյանը, կարողանում է բերել հակահիմնավորումներ, որոնք ցույց են տալիս, որ կարող էր ավելի վատ լինել։
«Փաստացի, ես ուղղակի վստահ եմ, որ պատասխանատվությունը նաև իշխանությունների վրա է, բայց առաջին հերթին պատասխանատու են նրանք, ովքեր սադրել են զանգվածային անկարգություններ։ Իհարկե, դա ողբերգություն էր, և չտա Աստված, որ այդպիսին կրկնվի։ Տեսե՛ք հիմա ինչ է կատարվում։ Կրկին բաժանում են հանրությունը սևի ու սպիտակի»,- նշել է Քոչարյանը։
Քոչարյանի խոսքերով՝ այն ժամանակ նույնպես այդպես էր արվում՝ դժգոհ ընտրազանգվածը մոբիլիզացվում էր, կարգախոսներն էլ տանում էին սև-սպիտակ բաժանման։ Ըստ երկրորդ նախագահի՝ դա հանդուրժել չի կարելի: