Արսեն Թորոսյանը ԱՀԿ եվրոպական գրասենյակ այցի հրավեր է ստացել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook- ի իր էջում գրառում է կատարել` մանրամասներ հաղորդելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպումից:
«Երեկ երեկոյան ոչ պաշտոնական հանդիպում ունեցա ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակաբի հետ։ Պայմանավորվեցինք, որ ԱՀԿ-ն կսկսի ավելի ակտիվ աջակցել Հայաստանին առողջապահական ոլորտում սպասվող փոփոխությունների գործում։
Տիկին Յակաբին հրավիրեցի այցելել Հայաստան և հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ քննարկելու մեր առողջապահական առաջնահերթությունները և ներկայացնելու ԱՀԿ դիրքորոշումը մի շարք կարևոր հարցերի շուրջ։
Ինչպես նաև հրավեր ստացա այցելել ԱՀԿ Եվրոպական գրասենյակ՝ անձամբ ծանոթանալու դրա աշխատանքներին և տարբեր ստորաբաժանումների գործառույթներին։
Երկու հրավերներն էլ ընդունվեցին»,- ասաց նա: