Ինչպես լուծել հանրային զուգարանների խնդիրը Հայաստանում. Սուրեն Պապիկյանը ելք է առաջարկում
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շատ է կարևորում միջպետական ճանապարհների երկայնքով գոյություն չունեցող կամ անբարեկարգ զուգարանները ավելի արդիական և միջազգային չափորոշիչներին համապատասխան դարձնելու խնդիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, այս խնդիրն ավելի մատչելի և կառավարության համար ավելի թեթև դարձնելու համար, նաև ուսումնասիրելով օրենսդրությունը եկել են եզրահանգման, որ գոյություն ունեցող 216 գազալցակայաններ, դրա կեսի չափով բենզալցակայաններ և առևտրի կետեր օրենքով պարտավորություն ունեն ունենալ նմանատիպ հագեցվածություն. «Որպեսզի դրանք համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին, մենք դիմել ենք համապատասխան գերատեսչություններին՝ արդիական զուգարաններ ունենալու համար:
Գուցե մինչև տարեվերջ չհասցնենք, բայց հաջորդ տարվանից այն տարածքներում, որտեղ կան գազալցակայաններ ու բենզալցակայաններ, մենք կունենանք հագեցված զուգարաններ, տուրսիտների համար տեսանելի հուշումներ, որ այդտեղ կան համապատասխան ենթակառուցվածքներ: Իսկ այն տարածքներում, որտեղ չկան գազալցակայաններ, կարող ենք առաջիկայում գազալցակայաններ ու բենզալցակայաններ կառուցելու համար տարածքներ տրամադրել հենց այն տարածքներում, որտեղ չկան զուգարաններ»,-ասաց նախարարը: