Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, դատավիճիռ չէ․ Մանե Թանդիլյան
Մեր պետության պարտականությունն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի հաշմանդամության խնդիրներ ունեցողները լիարժեքորեն ընդգրկվեն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և ԵԽ չափանիշների քարոզչության կենտրոնի (ACCESS) համատեղ կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող երկամյա ծրագրի ամփոփոիչ համաժողովին այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Սա է այն հիմնարար մոտեցումը, որ որդեգրելու է և պետք է որդեգրի պետությունը: Դա ենթադրում է փոխգործակցություն բոլոր գերատեսչությունների միջև։ Սա է պատճառը, որ ինձ համար հաշմանդամության հետ կապված խնդիրները և դրանց լուծումները բացառապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում չեն: Այստեղ պետք է ներառվեն մեր պետության բոլոր գերատեսչությունները:
Եվ միայն այդ դեպքում է հնարավոր խնդիրների լուծումը»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ եթե մենք չունենանք փոփոխություն մեր մտածողության մեջ, չենք կարող գնալ այն ճանապարհով, որի մասին խոսվում է անընդհատ: «Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ և դատավիճիռ չէ:
Այստեղ ներկաները դրա վառ ապացույցն են: Նրանք պետք է կարողանան իրենց հմտություններն ու կարողությունները լիարժեքորեն իրացնել աշխատանքային այն միջավայրում, որը ստեղծված պետք է լինի հենց իրենց կարողությունների լիարժեք իրացման նպատակով, որովհետև նրանք այդ նույն արժանապատիվ քաղաքացիներն են, որոնք պետք է իրացնեն իրենց կարողություններն աշխատանքի միջոցով, աշխատեն և մասնակցեն պետության հզորացման և կայացմանը: Դա նրանց իրավունքն է, և մեր պետության պարտականությունն է նրանց համար ստեղծել այդ հնարավորությունը»,- ասաց նա: