«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է
ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստից առաջ վատացել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ, այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը։ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 19–ին դատարան ներկայացրեց Խանդոյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր՝ միջնորդելով այդ հիմքով հետաձգել դատաքննությունը։ Խանդոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իրեն վատ է զգում եւ չի կարող մասնակցել գործի քննությանը։ Ղարագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալը նիստից հետո պետք է գնա հիվանդանոց՝ հետազոտության։
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 17–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ փոխել «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը։
Ըստ մեղադրանքի՝ Խանդոյանը 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ զավթել եւ պահել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ։ 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում Խանդոյանը կամովին ազատել է ՊՊԾ գնդի տարածքը եւ հանձնվել իրավապահ մարմիններին։