Հայաստանը ներկայացնող թիմը հաղթել է Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա դպրոցի կազմակերպած մրցույթում
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 10-ից 16-ն անցկացվել է Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա դպրոցը, որի աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը (թիմի ավագ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ Աննա Բայրամյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտական նստաշրջանի նիստերին հաջողությամբ ներկայացվեկ են հետևյալ զեկուցումները.
«Սեյսմիկ պաշպանությունը՝ որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ», զեկուցող Հրաչյա Պետրոսյան;
«Արարատյան սեյսմիկ փորձադաշտում տեկտոնամագնիսական անոմալիաների ուսումնասիրությունների արդյունքները», զեկուցող Աննա Բայրամյան:
Մեր մասնագետները մասնակցել են հարց ու պատասխաններին, քննարկումներին, բանավեճերին, ամրապնդել են արդեն եղած կապերը ու ստեղծել նորերը՝ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության երկու ներկայացուցիչները՝ Հ.Պետրոսյանը և Ա.Բայրամյանը կազմել են «Արարատ» թիմը և մասնակցել ավանդական «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթին:
Վերջինիս մասնակցել է 8 թիմ, որոնք կազմված էին ԱՊՀ երկրների առաջատար սեյսմոլոգիական կառույցների լավագույն գիտնականներից: Մրցույթն անցել է 3 փուլով և տևել անընդմեջ մոտ 3 ժամ: Համառ պայքարում Հայաստանը ներկայացնող միակ թիմը` «Արարատը» ճանաչվել է հաղթող: