«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունից. (տեսանյութ)
Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում մեկնարկել է «Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի մամուլի ասուլիսը:
Սևակ Հակոբյանը մանրամասներ է ներկայացնում խմբագրությունում երեկ տեղի ունեցած խուզարկությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները երեկ խուզարկություն են անցկացրել «Yerevan.today» կայքի խմբագրությունում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայքը հայտարարություն էր տարածել և ասել, որ համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր իրենց կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով և ցուցադրելով ինչ-որ «ապացույցներ»: Կայքից ասում են, որ համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:
Խուզարկության առնչությամբ հաղորդագրություն էր տարածել նաև ՔԿ-ն: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,– ասված է հաղորդագրության տեքստում: