Yerevan.today կայքի վրա ԴԴօՍ հարձակում է եղել. խմբագիր
Yerevan.today կայքի խուզարկության նախորդող գիշերը ԴԴօՍ հարձակում է եղել կայքի վրա: Այս մասին այսօր տեղեկացրեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը:
Նրա խոսքով` խուզարկության օրվա առավոտյան ինքը շուտ է գնացել աշխատանքի, և այդ ժամանակ խուզարկություն անողները եղել են այնտեղ: Խմբագրին ցույց են տվել դատարանի որոշումը, ըստ որի` թույլատրվել է խուզարկությունը: Հակոբյանի պնդմամբ` ոստիկանությունը կասկածներ է ունեցել կայքում ԱԱԾ պետի և ՀՔԾ ղեկավարի գաղտնալսման ձայնագրությունը առաջինը տեղադրվելու վերաբերյալ:
«Գուցե ոստիկանության համար ֆեյքերը, գուշակ Վարսիկը ավելի հավաստի են»,- նշեց Հակոբյանը` պնդելով, որ այդ խոսակցությունները, թե իրենց կայքն է առաջինը տեղադրել, հերքվել էին մինչ այդ:
Խմբագրի խոսքով` ոստիկանները հարցեր են տվել նաև այն մասին, թե ինչպես են իմացել տեսանյութի մասին: Հակոբյանի պնդմամբ` իրենք նույնպես օգտվել են այն տեսանյութից, որ տեղադրվել է դեռևս սեպտեմբերի 5-6-ին: