Անփորձ բժիշկը հիվանդին ձեռքի անդամահատման է հասցրել
Norwegian Breakaway ճամփորդական նավը պետք է ավելի քան երեք միլիոն դոլար վճարի նախկին աշխատակցին, որը զրկվել է ձեռքից նավի բժշկի պատճառով։ Այս մասին հաղորդում է Fox News պարբերականը։
Սերբիայի 30-ամյա բնակիչ Իլյա Լոնչարը աշխատել է Norwegian Breakaway–ում որպես մատուցող։ Նավարկության ժամանակ նրա մոտ սրտխառնոց և գրիպի ախտանիշներ են ի հայտ եկել։ Նա դիմել է բժիշկ Սեբաստյան Կամպուզանոյին, որը ընդամենը մի քանի ամիս էր ինչ աշխատում էր նավի վրա և բավարար փորձ չուներ։
Կամպուզանոյի կարգադրությամբ բուժեղբայրը մատուցողին պրոմետազինի ներերակային սրսկում է արել, որը հակաալերգիկ դեղամիջոց է։
Լոնչարն անմիջապես այրոց է զգացել աջ ձեռքում, հետո ձեռքը կապտել, այնուհետև՝ սևացել է։ 20 ժամ անց նրան իջեցրել են Ֆլորիդայում, իսկ մի քանի օրից նրա ձեռքը անդամահատել են։ Դա անհրաժեշտ է եղել այն պատճառով, որ դեղի մեծ չափաբաժին էր սրսկվել ներերակային ճանապարհով, և ոչ՝ մկանային։ Ձեռքը կարելի կլիներ փրկել, եթե բժիշկն անմիջապես վիրահատեր հիվանդին կամ ուղղաթիռով կազմակերպեր նրա տարհանումը։
Այժմ Լանչարին պետք է 3,3 միլիոն դոլար փոխհատուցեն, ինչպես նաև վճարեն դատական ծախսերի համար։