Հարվարդում կքննարկեն Հայաստանի թավշյա հեղափոխությունը
ԱՄՆ Հարվարդի համալսարանում սեպտեմբերի 27-ին քննարկում կկազմակերպվի՝ «Հայաստանի թավշյա հեղափոխությունը 6 ամիս անց. Լուրերից այն կողմ» թեմայով: Քննարկումը կվարի Հարվարդի համալսարանի Հարակից արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ֆակուլտետում հայերենի դասախոս դոկտոր Լիզա Գուլեսերյանը, կմասնակցեն նաեւ Հարվարդի Քենեդիի համալսարանից Անուշ Համբարյանը եւ Հարութ Մանուկյանը, ինչպես նաև Սթոունհիլ համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր դոկտոր Աննա Օհանյանը:
Միջոցառումը կազմակերպվում է Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASR)՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի եւ ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների` Բոստոնում գործող Ընտրական բարեփոխումների հասարակության եւ Հարվարդի հայ ուսանողների ասոցացիայի համատեղ ֆինանսավորմամբ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվելու մամուլի հրապարակումներից զատ որոշ կարեւորագույն խնդրների՝ ներառյալ համակարգային եւ կառուցվածքային փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան, որպեսզի հզորացնեն Հայաստանի ժողովրդավարությունը:
Անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եղած դժվարություններին, կոռուպցիայի դեմ պայքարին, գենդերային անհավասարության խնդիրներին եւ այլն: