Հզոր Վրաստանը սպառնալիք չէ Ռուսաստանի համար. Վրաստանի վարչապետ
Հզոր Վրաստանը Ռուսաստանի կողմից պետք է չընկալվի իբրև սպառնալիք. Արևմուտքի հետ առճակատման մեջ Թբիլիսին Մոսկվայի հակառակորդը չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, ամերիկյան պարբերականներից մեկի հետ զրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Մենք վստահ ենք, որ ուժեղ և ծաղկուն Վրաստանը Ռուսաստանի ազգային շահերին չի հակասում և պետք է չդիտարկվի իբրև սպառնալիք: Ավելին, Մոսկվան պետք է Վրաստանը չդիտարկի Արևմուտքի հետ առճակատման համատեքստում»,- ասել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ չնայած «վրացական որոշ տարածքների օկուպացիային», Թբիլիսիում չեն ցանկանում հակամարտել և շարունակում են աշխատել խաղաղ և գործնական լուծում գտնելու ուղղությամբ:
«Մենք փորձում ենք անել ամեն հնարավորը` լարվածությունը թուլացնելու համար, սակայն ռուսական իշխանություններն այդպես էլ չեն արձագանքել մեր` ընդունելի որոշում գտնելու առաջարկին»,- ասել է Բախտաձեն:
Վրաստանի կառավարության ղեկավարը երեկ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: