Միջնորդություններ են ներկայացվել՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ. ՔԿ-ն մանրամասնում է
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու եւ տարածելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
ՀՀ ՔՆնչական կոմիտեից հայտնում են հետևյալը. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, ի թիվս այլ հասցեների՝ օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։
Փաստում ենք, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»: