Խուզարկություն է կատարվել նաև yerevan.today կայքի սեփականատիրոջ բնակարանում
Ինչպես արդեն Operativ.am -ը հայտնել էր, որ առավոտյան ժամը 8:30-ից yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից սկսված խուզարկությունը շարունակվում է։
Խուզարկում են ողջ գրասենյակը, համակարգիչները՝ հույսով, որ կհայտնաբերեն գաղտնալսման ձայնագրության բնօրինակը։ Նաև փորձում են պարզել, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը, որը տարածվել էր բոլոր լրատվամիջոցներով։
Պարզվում է՝ մինչ այդ խուզարկություն է կատարվել նաև կայքի սեփականատիրոջ բնակարանում, և նախնական տեղեկություններով, որևէ բան չի հայտնաբերվել։
Կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ հնարավոր չէ կապ հաստատել. առավոտյան նրան 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները թույլ չէին տալիս պատասխանել հեռախոսազանգերին, իսկ այս պահին նրա հեռախոսն անջատված է։