Արցախի պետնախարարը ՀՀ պատվիրակությանը ներկայացրել է վերջին ամիսներին Արցախում ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ամփոփելով Արցախ կատարած այցի արդյունքները:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մեկնեցինք Արցախ:
Հանդիպեցինք Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, քննարկեցինք փոխգործակցության օրակարգում գտնվող տրանսպորտի, հեռահաղորդակցության, փոստի, կապի եւ այլ ուղղություններին վերաբերող հարցեր:
Գ. Մարտիրոսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաեւ վերջին ամիսներին Արցախում ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը, այդ թվում՝ կանխատեսվող արդյունքներում մեծ է ՀՀ կառավարության աջակցությունը:
Տիգրան Ավինյանը կարեւորելով հայկական երկու հանրապետությունների միասնական տնտեսական դաշտում գտնվելու հանգամանքը՝ նշեց, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առկա ներուժի լիարժեք օգտագործմանը եւ ՀՀ կառավարությունը հետայսու եւս պատրաստ է ցուցաբերել գործուն աջակցություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կադրերի վերապատրաստմանն ու գործարար օղակների համագործակցությանն ուղղված հարցեր, ապագա անելիքների հետ կապված՝ ուղենշվել որոշ ծրագրեր:
Մասնակցեցինք նաեւ Հադրութի շրջանի Տող գյուղում արցախյան գինու հինգերորդ փառատոնին:
Ի դեպ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը եւ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը 2018թ. (3 տարի ժամկետով) կնքել են համագործակցության համաձայնագիր՝ մի շարք ուղղություններով առավել արդյունավետ աշխատելու նպատակով»: