Այս պահին կարևորագույն խնդիրը 150000 մարդու էքզիստենցիալ անվտանգության ստատուսի ապահովումն է. Զ. Մնացականյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում:
Խոսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի հարցում այժմ կարևորագույն խնդիրը 150000 մարդու էքզիստենցիալ անվտանգության և անվտանգության ստատուսի ապահովումն է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմաներ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը: