Վրաերթ Գյումրիում. 15-ամյա տուժածի վիճակը ծանր է
Այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում: «Գազ 24.10» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհուն: 15 տարեկան Անի Ղուկասյանը, դպրոց հասնելու համար, քրոջ հետ փողոցն անցնելիս է եղել: Մեքենան հարվածել է նրան և մի քանի մետր այն կողմ շպրտել:
Shantnews.am - ի փոխանցմամբ աղջիկը ստացել է բազմաթիվ վնասվածքներ և տեղափոխվել «Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Տուժածի վիճակը գնահատվել է ծանր և որոշում է կայացվել Անի Ղուկասյանին մայրաքաղաքի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն տեղափոխելու մասին: Թիվ 2 դպրոցի շենքի դիմաց առկա են գծանշումներ՝ հետիոտների անցման համար, առավոտյան երթևեկությունը կարգավորում են նաև ճանապարհային ոստիկանները: Այս տարածքում նաև փողոցաշինական աշխատանքներ են կատարվում: Ինչն է հանդիսացել վթարի պատճառ, պարզում են իրավապահները: