Աշխարհի ամենաթանկարժեք մեքենան․ Rolls-Royce Sweptail
Իտալիայի Concorso d’Eleganza Villa d’Este ցուցահանդեսում ներկայացվել է եզակի Rolls-Royce Sweptail ավտոմեքենան:
Ավտոմոբիլի մոտավոր արժեքը կազմում է 13 մլն դոլար, և այն, ըստ Business Insider-ի, ամենաթանկ ավտոմեքենան է աշխարհում։
Rolls-Royce-ի առայժմ վերջին գլուխգործոցի ստեղծումը շատ հետաքրքիր պատմություն ունի։ 2013թ․Բրիտանական հայտնի ավտոարտադրողը անսպասելի պատվեր ստացավ։
Էքսկլուզիվ մեքենաների սիրահար մի մեծահարուստ, ում անունն, ի դեպ, գաղտնի է պահվում, ավտոարտադրողին պատվիրեց ստեղծել մեքենա և ոչ թե սովորական մեքենա, որին կհանդիպես փողոցներում, այլ եզակի՝ հատուկ նրա համար պատրաստված։ Բացի այդ, նոր մեքենան պետք է նման լիներ անցյալ դարի 20-30-ական թթ․դասական մոդելներին։ Իհարկե, առեղծվածային հաճախորդը նոր խաղալիքի վրա ծախսելու համար բավականաչափ գումար ուներ, այնպես որ անգլիացիները հաճույքով գործի անցան․․․
Այսպիսով, նոր ստեղծվող մեքենայի համար որպես հիմք վերցվեց արդեն գոյություն ունեցող հանրահայտ Rolls-Royce Phantom Coupe-ն՝ իր 6.75-լիտրանոց V12 շարժիչով։
Երեք տարվա գերլարված աշխատանքից հետո Rolls-Royce-ը վերջապես արդյունք ցույց տվեց։
Բրիտանացիները պարծեցան, որ այս «երկար պոչով» էքսկլյուզիվ մեքենայի դիզայնի վրա ազդեցություն են ունեցել այնպիսի էլեգանտ մոդելներ, ինչպիսիք են՝ 1925թ․Phantom I Round Door-ը, 1934թ․3 մոդելներ՝ Phantom II Streamline Saloon-ը, Gurney Nutting Phantom II Two Door Light Saloon-ը և Park Ward 20/25 Limousine Coupe-ն։
Ասում են, ինքը՝ պատվիրատուն, ակտիվ մասնակցություն է ունեցել մոդելի մշակման գործում։ Բավականին հաճախ այցելել է գործարան և քննարկել բոլոր դետալները Rolls-Royce-ի գլխավոր դիզայներ Ժիլ Թեյլորի հետ։
Արդեն պատրաստի մեքենան, որն իր նեղացող կոր «պոչի» շնորհիվ ստացավ Rolls-Royce Sweptail անունը, ներկայացվեց այս տարվա մայիսի 27-ին։ Sweptail-ն ունի երկար ռելիեֆային շարժչի ծածկոց (капот), որի ռադիատորի ալյումինե ճաղավանդակը հասցված է հայելային փայլի, և շքեղ ապակե ծածկ։
Մեքենայի սրահում արտադրողները թողել են միայն երկու բնական կաշվե նստատեղ, որոնց զարդերը ստացվել են հազվագյուտ ծառերի փայտից։ Սրահում են տեղադրված նաև ուղեբեռի փայտե դարակը և սառնարան՝ նախատեսված շամպայնի ու երկու բաժակի համար։
Չկրկնվող էլեգանտ մեքենայի արժեքը կազմում է գրեթե 13 մլն դոլար։ Եվ սա բացարձակ ռեկորդ է նոր ավտոմեքենաների շարքում, քանի որ նույնիսկ Bugatti Chiron-ն արժեցել է 4 անգամ ավելի էժան։