Հայկ Մարությանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ամենակարևորն է համարում ուղիղ ժողովրդավարության մասին կետը
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի ամֆիթատրոնում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ ներկայացրեց դաշինքի ծրագրի 9 հիմնական դրույթները: Քաղաքապետի թեկնածուն կարևորեց ուղիղ ժողովրդավարության գործադրումը:
«Այսուհետև քաղաքին վերաբերող բոլոր կարևոր հարցերը քաղաքային իշխանությունները միանձնյա չեն որոշելու: Որոշումը կայացվելու է բնակիչների հանրաքվեի միջոցով»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:
Նրա կարծիքով՝ հաջորդ կարևոր կետը տրանսպորտի վիճակի բարելավումն է, որը ենթադրում է տրանսպորտային ամբողջական ցանցի արդիականացում, միասնական տոմսի և զեղչային համակարգի գաղափարի ներդրում:
«Միասնական տոսմը ժամային տոմս է: Այսինքն քաղաքացին գնում է տոմս ինչ-որ ժամանակահատվածի համար ու այդ ընթացքում օգտագործում է այն բոլոր տեսակի հասարակական փոխադրամիջոցներից օգտվելիս»,- հավելեց Հայկ Մարությանը:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի 9 կարևոր դրույթների մեջ է մտնում նաև մետրոյի առնվազն մեկ կայանի կառուցումը, 4-րդ կարգի վթարային շենքերիի բնակիչների համար վերաբնակեցման ծրագրի իրականացումը՝ բնակարանաշինության ոլորտում «համայնք-մասնավոր հատված» համագործակցության հնարավորություններն օգտագործելով, դպրոցաշինության զարգացումը, կանաչ տարածքների ընդլայնումը, վերելակների նորոգումը, բոլոր չգործող շատրվանների վերագործարկումը, նորերի կառուցումը և այլն: