Որոշ ուժեր դեռևս կարծում են, որ ՀՀԿ-ն դեռ իրենից ուժ է ներկայացնում, ցավում եմ այդ ուժերի համար․ Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Արայիկ Հարությունյանը չի մանրամասնում, թե ում է վերբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրենց համախոհ որոշ ուժեր թաքուն համագործակցում են ՀՀԿ-ի հետ։
Միևնույն ժամանակ նախարարը Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ եթե վարչապետ Փաշինյանը նման բան է հայտարարել, նշանակում է՝ փաստեր ունի։
«Եթե անուններ չեն հնչել, ապա կասվի, հետո կիմանանք։ Կարծում եմ՝ հստակ ուղերձ էր համապատասխան ուժերին։ Անուններ տալու անհրաժեշտությունը կծագի նրանից հետո, երբ այդ ուժերը շարունակեն նման գործեալոճը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
ՔՊ վարչության անդամին զարմացնում են այն հայտարարությունները, թե իրենք մտավախություն ունեն, որ կարող են չհաղթել Երևանի ավագանու ընտրություններին։ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ ՔՊ-ն ամենևին նման մտավախություն չունի։
Դիտարկմանը, որ իշխանափոխությունից առաջ քաղաքական ուժերը կոնսոլիդացվել էին Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու և ՀՀԿ-ին դեմ լինելու գաղափարի շուրջ, իսկ հիմա կարծում են, որ «դեմ»-ը սպառել է իրեն և ժամանակն է «հանունի»-ի մասին մտածել, նախարարն արձագանքեց, թե որոշ ուժեր դեռևս կարծում են, որ ՀՀԿ-ն դեռ իրենից ուժ է ներկայացնում։ Ավելին՝ հայտարարեց, թե ինքը ցավում եմ նման մտածելակերպ ունեցող ուժերի համար։
«ՔՊ-ի գաղափարախոսությունը կողմի և հանունի գաղափարախոսություն է։ Կառավարությունը, մեծամասամբ կազմված լինելով ՔՊ-ի ներկայացուցիչներից, իրենց գործունեությամբ հանունի ուղղությամբ են աշխատում։ Հանուն փոփոխությունների, հանուն բարեփոխումների, հանուն սիրո և երջանկության Հայաստանի, հանուն բարեփոխված Հայաստանի»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։