Երբ խորհրդարանն ինձ վարչապետ էր ընտրում, ես կարող էի միայն 4 ձայնի հույս ունենալ, որից մեկն իմն էր. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին: Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: ՀՀ վարչապետին պարբերականը ներկայացրել է նաև որպես «Թավշյա հեղափոխության առաջնորդ»:
– Իշխանության գալուց չորս ամիս անց` Հայաստանում ի՞նչ եք կարողացել փոխել:
– Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: Առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ այլևս չկան արտոնյալներ կամ արտոնություններ: Մենք աննախադեպ պայքար ենք տանում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ: Տնտեսական մենաշնորհներ էլ չկան: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ: Այս ընտրությունները կլինեն պատմության մեջ ամենաազատը: Ի տարբերություն այլ հեղափոխությունների, համենայն դեպս` նրանց, որոնք ինձ հայտնի են, մեր դեպքում հեղափոխությանը չհաջորդեց տնտեսության անկումը: Հակառակը, ցուցանիշները դրական են, կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գներն աճում են, բանկերում ավանդներն աճում են:
– Ձեզ խորհրդարանն ընտրեց հանրային ճնշման տակ, բայց նույն այդ խորհրդարանում շարունակում են մեծամասնություն կազմել նախորդ` Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընտրված պատգամավորները: Դա ընդունելի՞ է:
– Երբ խորհրդարանն ինձ վարչապետ էր ընտրում, ես կարող էի միայն 4 ձայնի հույս ունենալ, որից մեկը իմն էր: Այս խորհրդարանը հայ ժողովրդի վստահությունը չի վայելում, դա իսկական սև բիծ է մեր քաղաքական իրականության մեջ: Բայց մենք պետք է իրավիճակը տեսնենք իր դինամիկայի մեջ: