Հայկական բեռնատարները 2-3 ժամ փակել են Բագրատաշենի անցակետը․ նրանք բողոքում էին Վրաստանի կառավարության նոր որոշման դեմ
Հայաստանից մի քանի տասնյակ բեռնատար մեքենաների վարորդներ 2-3 ժամով այսօր՝ կեսգիշերն անց, փակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ այսպիսով իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով։ Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։
«Կեսգիշերն անց բեռնատարների վարորդները 2-3 ժամով փակել են մաքսային անցակետը, եւ ակցիայի նպատակը Վրաստանի կառավարության այդ որոշման դեմ բողոքելն է։ Մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտման թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետեւ նպատակը չի եղել մաքսատան աշխատանքները խոչընդոտելը»,-ասաց ՊԵԿ մամուլի խոսնակը՝ նշելով, որ այս պահին անցակետը բաց է։