Թույլ չեմ տա, որ դատական համակարգը հրահանգներ ստանա այն անձանցից, որոնցից ստացել է 7 ամիս առաջ. Փաշինյան (տեսանյութ)
Ոչ մի գաղտնիք չկա, որ դատական իշխանությունը ամենակոռումպացված համակարգի համարումն ունի. վերցրեք կոռուպցիայի ընկալման ցանկացած հետազոտություն և կտեսնենք, որ ՀՀ քաղաքաիների համոզմամբ դատական իշխանությունն ամենակոռումպացվածներից է եղել Երրորդ Հանրապետության պետամության ողջ ընթացքում: Այս մասին սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելով հետեւյալ պարտավորությունն եմ նաև ստացել, ես ասել եմ, որ պետք է հրաժարվենք դատավորների՝ Բաղրամյան 26-ից հրահանգներ իջեցնելու պրակտիկայից: Բայց տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ստիպում են մտածել, որ իմ այս դիրքորոշումը դատական համակարգի որոշակի շրջանակներում ընկալվում է հետեւյալ կերպ. որ եթե հիմա նա, ով գտնվում է Բաղրամյան 26-ում, հրաժարվում է մեզ հրահանգներ տալ, սա կարող է նշանակել, որ մենք կարող ենք հրահանգներ ստանալ այն նույն մարդկանցից, որոնք մեզ 7 ամիս առաջ հրահանգներ էին տալիս: Ես ասում եմ, որ այդպիսի բան ուղղակի թույլ չեմ տա»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իրենք հրաժարվում են դատական համակարգին հրահանգներ տալ, բայց շատ են դեպքերը, որ դատավորներն իրենք չեն համակերպվում այդ վիճակի հետ: «Ես մի քանի անգամ ստիպված եմ եղել ուղիղ եթեր մտնել և խոսել այդ մասին: Իրենք են ուզում հրահանգներ ստանալ: Մենք ասում ենք՝ ոչ, մենք հրահանգներ չենք տալիս, բայց թույլ էլ չենք տա, որ դուք շարունակեք հրահանգներ ստանալ այն տեղերից, որտեղից, սովորաբար, ստացել եք ձեր գոյության ողջ ընթացքում: Սա է խնդիրը»:
ՀՀ վարչապետը նկատեց, որ շուտով Եվրոպական դատարանում կսկսեն լսվել 2008 թվականի մարտի 1-ի գործերը և շատ մեծ է հավանականությունը, որ այդ բոլոր գործերով Հայաստանի Հանրապետությունը կպարտվի. «Իսկ ով է պատասխան տալու դրա համար: Այսինքն ի՞նչ. Մեր դատական համակարգը մտածում է, որ կարող է շարունակել գործել հին ձեւերո՞վ, չի ստացվի: Ես հույս ունեմ, որ փոփոխությունները հավուր պատշաճի կգնահատվեն մեր դատական համակարգի կողմից և չի լինի այնպես, որ ՀՀ ժողովուրդը մտածի, որ ինքը պետք է նաև դատական համակարգի հըարցերով զբաղվի»:
Մանրամասն՝ տեսանյութում: