Նոր կառավարությունում Զեյնալյանի՝ նախարար լինելու հավանականությունը մեծ չէ. Արամ Սարգսյան (տեսանյութ)
Այս Ազգային Ժողովը միանշանակ պետք է ցրվի. «Լույս» դաշինքը ԱԺ–ն ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու կողմնակից է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Աշնանը կցրվի ԱԺ–ը, թե գարնանը, որոշողը երկրի իշխանություններն են։ Բայց ցրվելուց հետո ցրվում է նաեւ կառավարությունը։ Այսինքն, 3 թե 6 ամիս հետո, միեւնույն է, կառավարությունը ցրվելու է եւ Արտակ Զեյնալյանը էլ արդարադատության նախարար չի լինելու։ Եւ նոր կառավարությունում Արտակ Զեյնալյանի՝ նախարար լինելու հավանականությունը այնքան էլ մեծ չէ»,–ասաց Արամ Սարգսյանը։
Փոխարենը նա նկատեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին ժողովուրդն է ընտրում՝ իր կամքով. « Ընտրությունները լինելու են արդար ու թափանցիկ, ում ընտրեք, նա էլ լինելու է»։
«Քաղաքական դաշտը պիտի դիվերսիֆիկացվի, որեւէ ուժ միայնակ չպիտի ղեկավարի»,–ասաց նա։
Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ երբ ինքը վարչապետ էր, Արտակ Զեյնալյանը իր թիմում էր. «Երբ որ Ռոբերտ Քոչարյանը ինձ ազատեց պաշտոնից՝ ծնելիության պակասի պատճառով, Արտակ Զեյնալյանը ինձ հետ էր։ Հանրապետական կուսակցության ամենաբարձր պահին, էդ ժամանակ իրեն առաջարկում էին նախարարի պաշտոնը, հրաժարվեց ու դարձավ ընդդիմադիր»։
Արամ Սարգսյանը խիստ տպավորվել է Եգոր Գլումովի ու Արտակ Զեյնալյանի հարցազրույցից. «Եթե ես «Դիսքավըրի» ընկերության ղեկավարը լինեի, այդ հարցազրույցը կթարգմանեի ու կդնեի, որ աշխարհը տեսներ»։
Նա ավելացրեց. «Արտակ Զեյնալյանը խնդիր լուծող տղա է»։