Գործում որևէ նյութ չկա օլիգարխների թիկնազորին բանակի զրահաբաճկոն բաժանելու մասին․ Քոչարյանի պաշտպան
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ բանակի պահեստներից զրահաբաճկոններ են բաժանվել օլիգարխների թիկնազորին, որպեսզի նրանք բանակի անվան տակ գործեն, դեռ չեն կցվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական գործին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ այդ դեպքերի ժամանակ ԶՈւ գլխավոր հրամանատարը հենց Քոչարյանն էր, պաշտպանը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ այդ մասին գործում ոչինչ ասված չէ․ հենց գործում այդ մասին տեղեկություններ լինեն, կհայտնեն իրենց դիրքորոշումը։ Պաշտպաններից մյուսը՝ Հայկ Ալումյանը, պնդում է, որ գործում կան տարօրինակություններ։
«Բայց այդ, տարօրինակությունները պիտի Հատուկ քննչական ծառայությունը պարզի, ոչ թե այդ տարօրինակություններով մանիպուլյացիաներ անի հենց այն ժամանակ, երբ դա իրենց պետք է»,– նշեց Ալումյանը։