Հարավային Կորեայի նախագահը պաշտպանական ներուժը թերակղզում խաղաղության գրավականն է համարում
Կորեական թերակղզում երկարատև խաղաղության պահպանումը երկրից պահանջում է հզոր պաշտպանական ներուժ ունենալ՝ չնայած ապամիջուկայնացմանն ուղղված Հյուսիսային Կորեայի զգալի առաջընթացին: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, փոխանցում է РИА Новости-ն:
Նման հայտարարությամբ Հարավային Կորեայի առաջնորդը ելույթ է ունեցել Կոչժեդո կղզում նոր Չանբոգո-III դասի սուզանավի իջեցման արարողությանը:
«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Փհենյան, որպեսզի մասնակցեմ երրորդ միջկորեական գագաթաժողովին: Մենք նշանակալի ճանապարհ ենք անցել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և երկարատև խաղաղության հաստատման համար...
Սակայն խաղաղությունն ինքնաբերաբար չի տրվում: Մենք պետք է կառուցենք և պաշտպանենք խաղաղությունը մեր սեփական ձեռքերով: Եվ խաղաղության մեր ճանապարհը չի վերջանա, եթե այն պաշտպանված լինի ուժեղ զինված ուժերով և հզոր պաշտպանական ներուժով», - ասել է Մուն Չժե Ինը:
Անցյալ շաբաթ Հարավային Կորեայի նախագահի հատուկ դեսպանորդ Չոն Իյ Յոնի գլխավորած պատվիրակությունը այցելեց Փհենյան: Կողմերը պայմանավորվել են սեպտեմբերի 18-20-ը ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում անցկացնել հաջորդ միջտկորեական գագաթաժողովը: Հատուկ դեսպանորդը նաև Հարավային Կորեայի նախագահին փոխանցեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Իր հերթին ԿԺԴՀ ղեկավարը խնդրեց իր նամակը փոխանցել Թրամփին:
Սպասվում է, որ սեպտեմբերյան գագաթաժողովը նվիրված կլինի Փհանմունջոմում ստորագրված հռչակագրի պայմանավորվածությունների իրականացմանը: