Պաստառները փակցված են քարոզչության կանոնների պահպանմամբ. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադարձել է Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե քաղաքական որոշ ուժեր պաստառներ են փակցնում օրենքով չթույլատրված տեղերում, որին կցել էր Մետրոպոլիտենում փակցված քարոզչապաստառների լուսանկարներ։
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրենց հարցմանն ի պատասխան Երևանի մետրոպոլիտենը իրազեկել է, որ պաստառները փակցվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահպանմամբ՝ որոշ կուսակցությունների և դաշինքների հետ կնքած պայմանագրերի հիման վրա։
Մետրոպոլիտենը թույլատրել է կայարաններում՝ գովազդի համար նախատեսված մակերեսին, տեղադրել նախընտրական քարոզչապաստառները:
Սա հաշվի առնելով՝ ԿԸՀ–ն արձանագրել է, որ պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ:
ԿԸՀ հանձնարարությամբ՝ Երևանի տարածքային 10 ընտրական հանձնաժողովների անդամները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում իրենց սպասարկման տարածքում և ստուգում քարոզչության համապատասխանությունը օրենքին։
Մինչև այսօր հայտնաբերել են ՀՀ ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ և հանել։