Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող այլևս քննվել Հատուկ քննչական ծառայությունում. Հայկ Ալումյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող այլեւս քննվել Հատուկ քննչական ծառայությունում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Մենք պահանջելու ենք, որ գործն այլ վարույթում քննվի։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ հարուցված քրեական գործին, ապա այն նաև չի կարող քննվել ԱԱԾ–ում կամ ՀՔԾ–ում»,– ասաց Հայկ Ալումյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որը վերաբերում է Մարտի 1–ի գործին, Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությանը։ Քննչական կոմիտեի մամուլի բաժնից հայտնել են, որ նկատի ունենալով, որ հրապարակումները և ձայնագրությունն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։